Ասադի զորքերը ՌԴ օդուժի աջակցությամբ զանգվածային ավիահարվածներ են հասցրել Իդլիբի ուղղությամբ

20:19 • 08.09.18

Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուս զինվորականների աջակցությամբ ավիահարվածեր են հասցրել Իդլիբ նահանգի ուղղությամբ: DW.com-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ՝ Թեհրանում կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ անարդյունք բանակցությունների հաջորդ օրը:

Իրավապաշտպանների գնահատումներով՝ դրանք դաշնակիցների իրականացրած ամենադաժան հարվածներն են եղել վերջին մեկ ամսում: Ավիահարվածի հետևանքով առնվազն 4 քաղաքացիական անձ է զոհվել, որոնցից երկուսը՝ երեխա: Ընդհանուր առմամբ, նահանգի տարածքում շուրջ 80 հարված է հասցվել:

Իդլիբը համարվում է ապստամբների վերջին հենակետը Սիրիայում: Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններով՝ նահանգը դարձել է ահաբեկիչների հավաքատեղի: Արևմուտքը մեկ անգամ չէ, որ Մոսկվային կոչ է արել զերծ մնալ հնարավոր հարձակումից՝ նշելով, որ դա կհանգեցնի բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի:

Հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանում հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին, սակայն նրանց չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Իդլիբի շուրջ տիրող իրավիճակի հարցում: