Մենք պետք է մեր մեջ բավարար ուժ գտնենք ու որպես պահանջատեր հանդես գանք, որ ՌԴ-ը մեր նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարի. Խ. Քոքոբելյան

22:27 • 08.09.18

Հայ-ռուսական հարաբերություններում միշտ եղել են ու կան կնճիռներ, այլ խնդիր է, որ այդ մասին մշտապես փորձ է արվել պաշտոնական մակարդակով չբարձրաձայնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպումը:

«Ես զարմանում եմ, որ հայաստանյան ու ռուսաստանյան մամուլում շրջանառվում են տեսակետներ, թե հայ-ռուսական հարաբերություններում կնճիռներ են առաջացել: Հայ-ռուսական գործընկերային ու ռազմավարական հարաբերություններում միշտ էլ եղել են ու կան լրջագույն կնճիռներ, որոնք, ցավով պետք է նշեմ, ի վնաս Հայաստանի են: Այդ կնճիռները նոր չեն առաջացել, դրանք միշտ եղել են»,- ասաց Խ. Քոքոբելյանը:

Քաղաքական գործիչն ասաց, որ «կնճիռներից» ամենագլխավորը ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մինչև ատամները զինելու գործընթացի շարունակական բնույթն է: «Ցավոք, մինչև հիմա, Հայաստանի կողմից պետական մակարդակով հավուր պատշաճի չեն պահանջել, որ Ռուսաստանը կատարի դեռևս 1997թ. իր հանձնառած պայմանագրային պարտավորությունները»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Վերջինս նշեց, որ որոշակի շրջանակների կողմից սպասելիքները, թե Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում տեղի կունենա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում,  չեն արդարացվել, ինչը բնական է:

Մյուս «կնճռոտ» հարցը, Խաչատուր Քոքոբելյանի խոսքով, կապված է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը:

«Ուզում եմ հիշեցնել, թե ինչպիսի պայմաններից են օգտվում ԵԱՏՄ մյուս պետությունները, ինչ զիջումների են գնում հիմա ՌԴ-ն, օրինակ, նույն Բելառուսի համար, և թե ինչպիսի ֆինանսական օժանդակություն ստացավ Ղրղզստանը ԵԱՏՄ անդամակցության ժամանակ: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի ցանկացած իշխանություն պարզապես պարտավոր է որպես պահանջատեր կողմ հանդես գալ, հիշեցնել, թե ինչ պարտավորություններ ունի Ռուսաստանը և որոնք չի կատարում: Մի քանի օր առաջ բոլորդ տեսաք Ադրբեջանի ու Ռուսաստանի «համագործակցության» արդյունքը:

Հայաստանի ռազմավարական գործընկերը մեր հակառակորդի հետ միասին անընդհատ թմբկահարում են, որ իրենք 5 միլիարդի զենքի մատակարարման պայմանագրեր են արդեն իրականացրել և այժմ էլ նոր խմբաքանակի մատակարարման շուրջ պայմանագրեր են ստորագրվել: Հիշում եք, թե ինչպես Ալիև-Պուտին մակարդակով մի քանի օր առաջ կնքվեցին այդ պայմանագրերը: Ադրբեջանա-ռուսական պայմանագրերով ֆիքսվեց նաև, որ միասնաբար կատարելու են Կասպից ծովում նավթի ու գազի պաշարների ուսումնասիրություններ: Սա չի կարող չառնչվել Հայաստանի անվտանգությանը: Մենք պետք է մեր մեջ բավարար ուժ գտնենք ու որպես պահանջատեր հանդես գանք, որ Ռուսաստանը մեր նկատմամբ ունեցած թե՛ անվտանգության և թե՛ մյուս  պարտավորությունները կատարի»,- մանրամասնեց Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ բավական է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից անվտանգության ապահովման տեսանկյունից ակնկալիքներ ունենան:

«Ռուսաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից էապես չի տարբերվում: Ես չեմ ասում, որ պետք է կտրուկ փոփոխություններ լինեն, ես ասում եմ, որ Հայաստանն ի պաշտոնե ներկայացնող անձնավորությունը պետք է ներկայացնի նաև այն խնդիրները, որոնք ակնհայտ են, և որոնք Ռուսաստանն առաջացնում է Ադրբեջանի հետ իր այսպես կոչված՝ «բիզնեսային» հարաբերությունների արդյունքում, քանզի դրանք անմիջականորեն վերաբերում են Արցախի և Հայաստանի անվտանգությանը: Հայաստանյան քաղաքական և պետական գործիչները չպետք է վախենան Ռուսաստանից իր պարտավորությունները կատարելու պահանջ ներկայացնելուց՝  Ռուսաստանը պետք է 10 անգամ ավելի դողա հայ-ռուսական հարաբերությունների վրա, քան Հայաստանը, որովհետև Հարավային Կովկասում Ռուսաստանը ներկայացված է միայն Հայաստանի շնորհիվ: Եվ այդ փոփոխությունը կբերի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության շեշտակի և ակնհայտ թուլացման: Սա պարզ ճշմարտություն է, և վստահ եմ, որ Ռուսաստանում դա մշտապես քաջ գիտակցել են, և հենց այս կռվանն է, որ պետք է հայ-ռուսական հարաբերություններում ռուսական կողմը հաշվի առնի: Այս ամենով հանդերձ ցավալի է, որ հայաստանյան քաղաքական դաշտում որոշ շրջանակներ բերանները բաց սպասում են Պուտինի և Ռուսաստանի կողմից հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին հայտարարությունների»,- շեշտեց Քոքոբելյանը: