Փողոցային առևտուրն ու սրճարանները՝ խոչընդոտ հետիոտների համար (տեսանյութ)

20:06 • 08.09.18

Երևանի կենտրոնական փողոցներում վերջին շրջանում նկատելի է փողոցային առևտրի աճը: Ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնողները, բացի այն, որ գործում են հարկային դաշտից դուրս, նաև շատ հաճախ խոչընդոտներ են ստեղծում անցորդների համար. մայթերին տեղադրված տարբեր ապրանքներն արդեն իսկ նեղացնում են անցանելի հատվածը, իսկ առևտուր իրականացնելու դեպքում գրեթե անհնար է մայթերով քայլելը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշում է, որ 2011 թ.-ին կտրուկ քայլեր ձեռնարկվեցին փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ, սակայն օրենքով քաղաքապետարանն իրավունք չունի այն դադարեցնելու: Փոխքաղաքապետի խոսքով՝ առևտրի և ծառայությունների մասին օրենքում բազմաթիվ օրենսդրական բացեր կան:

«Խնդիրն այն է, որ մեր աշխատակիցները, որոնք լիազորված են վարչական իրավախախտումների արձանագրություններ կազմելու և տուգանելու, օրենքով իրավունք չունեն այդ առևտուրը դադարեցնելու: Ըստ էության, ինչ է տեղի ունենում, մենք փորձում ենք արձանագրել, ինչու եմ ասում փորձում ենք, որովհետև շատ հաճախ առտուրն իրականացնում են քաղաքացիական անձինք, և այստեղ առանց անձը հաստատող փաստաթղթի մենք չենք կարողանում արձանագրել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Օհանյանը:



Փողոցային առևտուրը ցերեկային ժամերին իրականացվում է գյուղմթերքների վաճառքով, մինչդեռ Կասյան և Արամի փողոցներում գործում է անվճար գյուղմթերքների շուկա: Իսկ երեկոյան ժամերին մարդաշատ վայրերում վաճառվում են տարբեր տեսակի ապրանքներ՝ փուչիկներ, բամբակներ, խաղալիքներ և այլն: Հասկանալի է, որ այստեղ սոցիալական խնդիր կա, բայց տպավորությունն այնպիսին է, որ մայրաքաղաքը, կարծես, մեծ շուկայի է վերածվել:

«1998 թ.-ին դեռ, երբ առևտրի, ծառայությունների օրենքը չկար, կառավարության որոշմամբ ընդունվեց մի այսպիսի հասկացողություն՝ շրջածախ առևտուր, շրջիկ կետեր: Դեռ այն ժամանակ մենք ասացինք, որ սա իրենից խնդիր է ներկայացնում, բայց քանի որ չկար օրենքը, մենք ուղղորդվում էինք այդ որոշումով: Ես ինքս մասնակցել եմ առևտրի և ծառայությունների օրենքի մշակմանը, երբ մենք դա մշակում էինք, այդ հասկացությունները նորից մտան օրենքի մեջ, և այդտեղ իրականում խնդիր կա: Այսօր որոշ իրավաբաններ, ՀԿ-ներ խրախուսում են այդ առևտրով զբաղվողներին՝ հղում անելով օրենքի այդ կետին»,- հայտնեց փոխքաղաքապետը:

Փողոցային առևտրից բացի հետիոտների համար խոչընդոտներ են ստեղծում սեզոնային սրճարաններն ու հասարակական սննդի օբյեկտները:

Նախորդ տարի քաղաքապետարանը մայրաքաղաքի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքներ իրականացրեց, սակայն այսօր պատկերը նորից նույն է:

«Այսօր էլ՝ երեկոյան ժամերին, լինում են դեպքեր, երբ նման օբյեկտներն իրենց թույլատրված սահմաններից դուրս տեղադրում են սեղաններ, մենք փորձում ենք համապատասխան վարչությունների, ծառայությունների միջոցով նորից հսկողություն իրականացնել և բերել իրենց չափորոշիչներին, բայց այստեղ էլ խնդիր ունենք, որովհետև դա իրականացվում է երեկոյան ժամերին, այն ժամանակ, երբ մեր աշխատողների աշխատանքային ժամն ավարտված է: Այսինքն, մեր աշխատանքն սկսվում է առավոտյան 9-ին, ավարտվում՝ 18:00-ին»,- ասաց նա:

Դավիթ Օհանյանի տեղեկացմամբ՝ սեզոնային սրճարանների ու հասարակական սննդի օբյեկտների վերաբերյալ խնդիրը քննարկվել է ոստիկանության հետ, որպեսզի հսկման աշխատանքներին օրենքով սահմանված կարգով ներգրավվեն նաև ոստիկանության աշխատակիցները: Իսկ փողոցային առևտրի մասով քաղաքապետարանն առաջարկ է ներկայացրել կառավարությանը՝ օրենսդրական բացը կարգավորելու համար: