Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. որտեղից և ինչպես կմեկնարկի առաջադրված 12 քաղաքական ուժերի քարոզարշավը

12:28 • 09.09.18

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ սեպտեմբերի 10-ին, կմեկնարկի նախընտրական քարոզարշավը և  կտևի մինչև սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:

Tert.am-ը պարզել է, թե սեպտեմբերի 10-ին որտեղ և ինչպես է մեկնարկելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու առաջադրված 12 քաղաքական  ուժերի քարոզարշավը:

«Ժառանգություն» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը կազդարարի  Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:  Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով: Նշենք, որ քաղաքապետի թեկնածուն է Րաֆֆի Հովհաննիսյանը: 

«Լույս» դաշինքը  քարոզարշավի մեկնարկը կտա երեկոյան՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացնելով դաշինքի Երևանի ավագանու նախընտրական ծրագիրը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն է Արտակ Զեյնալյանը:

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Tert.am-ի հետ զրույցում դաշինքի մամուլի խոսնակ  Վահան Կոստանյանը նշեց, որ ունենալու են բակային հանդիպումներ, իսկ երեկոյան արդեն հանրահավաք՝ Էրեբունի վարչական շրջանի հրապարակում: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն , ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, քարոզարշավը կսկի Նուբարաշեն վարչական շրջանից, որտեղ մի քանի ծրագրեր են նախատեսված:  «Մեկնարկը տրվելու է շատ ուժեղ, մենք ամբողջությամբ ժամանակացույց ունենք սահմանված, ունենալու ենք  բազմաթիվ հանդիպումներ բոլոր վարչական շրջաններում, ունենալու ենք նաև տարբեր ոլորտային  մասնագետների հետ հանդիպումներ, քննարկելու, ներկայացնելու ենք մեր ծրագրերը և վստահաբար ուզում եմ ձեզ ասել, որ մեր քարոզարշավը այո. սկսելու ենք շատ ազդեցիկ ձևով և եզրափակելու ենք շատ ուժեղ ձևով: Ակնկալում ենք մեծ վստահության քվե մեր երկրի քաղաքացիներից, որպեսզի  կարողանք իրատեսական ծրագերը, որ ներկայացնում ենք, կարողանանք իրականացնել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես կազդարարի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Դաշնակցության թեկնածուներն ավտոերթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:

Նշենք, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություւն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է:

«Երևանի հանրություն» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի ասուլիսով: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին» թեմայով հրավիրված ասուլիսին կխոսեն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը,  Արամ Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության ցուցակը գլխավորող Գևորգ Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը կսկսեն իրենց ընտրական բուկլետները  տարածելով քաղաքով մեկ: «Սկսելու ենք Նոր Նորքից, այդպես ծավալվենք Ավանով, Նոր Մարաշ, հին Նոր Նորք, իջնելու են Կենտրոն, Բանգլադեշ, մինչև Երրորդ մաս»,-ասաց նա և նշեց, որ իրենք օգտվելու են բոլոր այն հնարավորություններից, որ կընձեռնվի անվճար լրատավական միջոցներով:

«Ռեֆորմիստների»
կուսակցությունը  սեպտեմբերի 10-ին նախատեսում է համակիրների հավաք, որով կմեկնարկի կուսակցության քարոզարշավը: Ելույթներով հանդես կգան Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը, ավագանու թեկնածուներ:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Մանուել Գասպարյանը, դեռևս հստակ չի որոշել՝ ինչպես է անցկացնելու քարոզարշավը: Tert.am-ի հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ մեծ ռեսուրսներ չեն ծախսի, կունենան բակային հանդիպումներ: 

«Օրինաց Երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրի շնորհանդեսը ներկայացրել է ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին: Իսկ թե քարոզարշավի մեկնարկի օրը ի՞նչ միջոցառում պետք է անցկացնեն քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանն ասաց, որ ավելի ուշ կտեղեկացնեն:

«Երևանցիներ» դաշինքը՝ (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան) և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյան, դեռևս չեն որոշել, թե ինչպես են սկսելու քարոզարշավի մեկնարկը: Tert.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կտեղեկացնեն ավելի ուշ, իսկ Արարատ Զուրաբյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: