«Քո նմաններն այստեղ տեղ չունեն». Եգոր Կրիդը սպառնալիքների պատճառով չեղարկել է Դաղստանում ծրագրված համերգը

12:17 • 09.09.18

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Եգոր Կրիդը չեղարկել է Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում ծրագրված համերգը, ինչը պայմանավորված էր քաղաքում տիրող «անհանգիստ իրավիճակով»: Երգչի որոշման մասին տեղեկացվել է Black Star լեյբլի ինստագրամյան էջում:

«Հաշվի առնելով անհանգիստ իրավիճակը՝ մենք չենք ցանկանում վտանգել համերգի գնալ պատրաստվողների անվտանգությունը»,-նշվում է հաղորդագրությունում:

Հայտնի է Կրիդի համերգից բացի չեղարկվել է նույն լեյբլի մեկ այլ կատարող Doni–ի համերգը:

Հիշեցնենք, որ համացանցի բազմաթիվ դաղստանցի օգտատերեր օրեր շարունակ պահանջում էին չեղարկել Եգոր Կրիդի՝ սեպտեմբերի 9-ին Մախաչկալայում ծրագրված համերգը՝ հակառակ դեպքում սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ:

Բացի այդ, նրանք առաջարկում էին Կրիդի համերգին գնալ պատրաստվող արական սեռի ներկայացուցիչներին «աքլորներ» անվանել:

Դաղստանցիները խորհուրդ էին տվել Կրիդին իրենց երկիր ոտք չդնել, քանի որ «նրա նմաններն» այնտեղ տեղ չունեն:

Երգիչը, մեկնաբանելով իրավիճակը, նշել էր, որ մտածում է անգամ իր ինստագրամյան էջը ջնջելու մասին, որպեսզի չտեսնի օգտատերերի ագրեսիվ վարքն ու սպառնալիքները: