Նյու Յորքում կվերաբացվի «Քորթլանդ սթրիթ» մետրոյի կայանը, որը չի գործել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր

17:21 • 09.09.18

Նյու Յորքի մետրոպոլիտենը 17 տարի անց կրկին գործարկում է «Քորթլանդ սթրիթ» մետրոյի կայանը, որը չի գործել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր, փոխանցում է CBS հեռուստաալիքը։

«Քորթլանդ սթրիթ»-ը գտնվում էր ահաբեկչության ժամանակ փլուզված Առևտրի համաշխարհային կենտրոնի  ներքևում և լուրջ վնասվել էր հարձակման հետևանքով։ 

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ վերականգնումից հետո կայարանը զարդարվել է ԱՄՆ անկախության հռչակագրի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրի տեքստերն ընդգրկող խճանկարներով։

2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մի շարք ահաբեկչական հարձակումներ է իրականացրել Միացյալ Նահանգներում։ Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել են չորս ինքնաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել են Մանհեթեն, որտեղ բախվել են Առևտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Առևանգված օդանավերից երրորդն ուղարկվել է Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։