Հս. Կորեան մեծ շուքով նշել է հիմնադրման 70-ամյակը, սակայն զորահանդեսին ցույց չի տվել բալիստիկ հրթիռները (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մեծ շուքով նշել են պետության ստեղծման 70-ամյակը՝ այդ կապակցությամբ կազմակերպելով դիտարժան զորահանդես ու տոնական համերգ:
Հեղինակավոր The Guardian պարբերականը հատկանշական է համարում այն փաստը, որ զորահանդեսի ժամանակ իշխանությունները նախընտրել են ի ցույց չդնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները:
Զորահանդեսին, որին մասնակցել է մի քանի հազար զինծառայող, ցուցադրվել են տանկեր ու հրետանային համակարգեր:
Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հետևել է զորահանդեսին, սակայն այս անգամ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:
Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ զորահանդեսի ժամանակ Փհենյանում չեն նկատվել նման միջոցառումներին բնորոշ միջուկային զենքի թեմատիկայով քարոզչական պաստառներ:
Հիշեցնենք, որ 1945 թ., Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո, Կորեական թերակղզին բաժանվել է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցել է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ 1948թ. վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվել են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։

























