Իմ և ՌԴ նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ․ Նիկոլ Փաշինյանը Տավուշում մասնակցում է գործարար համաժողովին

15:56 • 09.09.18

Իջևանում մեկնարակել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաժողովին մասնակցում են ծնունդով տավուշցի գործարարներ նաև արտասահմանից։

Վարչապետն ընդգծեց, որ տնտեսության զարգացման կարևորագույն դրույթն այն է, որ տնտեսական զարգացում տեղի կունենա այն պարագայում, եթե կառավարությունը և գործարար միջավայրը կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել։ Նա շեշտեց, որ Նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզ առ մարզ անցնելով՝ այսպիսի համաժողովներ են անցկացնելու, որպեսզի տեղացի, արտասահմանցի գործարարներին ներգրավեն տնտեսության զարգացման մեջ, հարկեր գեներացնեն, ազդեն գիտության, անվտանգության ապահովման, զարգացման վրա։

«Տեղյակ եմ, որ ներկաների մի մասն այստեղ է եկել ՌԴ-ից, հիշեցնեմ՝գիշերն եմ վերադարձել Մոսկվայից, պետք է արձանագրել, որ շատ կարևոր, շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարող եմ միարժեքորեն ասել, որ այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի՝ աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Կարող եմ արձանագրել, որ իմ և ՌԴ նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, և կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ։ Այդ փոխվստահության մթնոլորտը առավել նպասատավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկների տնտեսական կապերը զարգանան»,-շեշտեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը  թույլ կտա, որ մեր հայրենակիցները երկու երկրներում արդյունավետ բիզնես  գործունեություն ծավալեն, իսկ կառավարությունը կապահովի համապատասխան պայմաններ, օրենսդրական դաշտ, կապահովի օրինականությունը։

Նիկոլ Փաշինյանը գործարաններին հորդորեց էլ ավելի հարստանալ և հարստացնել  երկիրը, մեր ժողովրդին։

Հիշեցնենք, որ համաժողովը մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ։