Թրամփն Apple-ին խորհուրդ է տվել արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել

14:02 • 09.09.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Apple տեխնոլոգիական ընկերությանը՝ կոչ անելով իր արտադրությունը Չինաստանից ԱՄՆ տեղափոխել:

Նախագահն այդ մասին գրել է իր պաշտոնական թվիթերյան էջում:

Հայտնի է, որ նախքան այդ ընկերությունը նամակ էր գրել երկրի կառավարությանը՝ հայտարարելով, որ նախագահ Թրամփի՝ չինական ապրանքների ներկրման համար առաջարկած մաքսատուրքերի պատճառով «խնձորային» բրենդի արտադրանքի որոշ մոդելների գները կբարձրանան ամերիկացի գնորդների համար:

«Apple–ի արտադրանքի գները կարող են աճել այն մաքսատուրքերի պատճառով, որոնք մենք պատրաստվում ենք սահմանել Չինաստանի նկատմամբ: Սակայն ստեղծված իրավիճակում կա մի պարզ լուծում, որի դեպքում հարկը զրոյական կլիներ ու ավելին՝ կգործերին հարկային արտոնություններ: Ձեր արտադրանքն արտադրեք ԱՄՆ-ում, ոչ թե Չինաստանում: Հենց հիմա սկսեք նոր գործարաններ կառուցել»,-գրել է Թրամփը:

Հայտնի է, որ ներկայում Apple–ն ԱՄՆ-ում է արտադրում միայն Mac Pro սարքերը, մինչդեռ հիմնական արտադրությունը տեղակայված է Չինաստանում ու այլ երկրներում: