Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան

22:28 • 20.09.18

Ես, որպես Ազգային ժողովի նախագահ, գտնում եմ, որ տարբեր կուսակցություններ, քաղաքական ուժեր կարող են իրենց մոտեցումներն ունենալ և ընդհանուր համաձայնության կարող են գալ համատեղ քննարկումների արդյունքում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ն դեռևս դեմ է արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի աշխատեն, աշխատանքային խմբեր են ստեղծված ընտրական օրենսգրքի բարեփոխումների վրա, որից հետո կարելի է անդրադառնալ մյուս հարցին, թե ինչպես շարունակել այդ գործընթացը: Դրանք պետք է լինեն աշխատանքներ ապագա քայլերի շուրջ»:

Ըստ նրա՝ խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի, դա պիտի լինի համատեղ որոշում: «Եթե քաղաքական ուժերը կգան ընդհանուր հայտարարի, ապա կկայանան»,-նկատեց նա:

Արա Բաբլոյանն, անդրադառնալով ավելի վաղ ՀՀ վարչապետի ու նախագահի հետ հանդիպումներին, ասաց, որ ինքը ցանկանում է, որ վարչապետի հետ, որպես գործադիրի ղեկավարի, ամսվա մեջ գոնե 2 հանդիպում ունենան՝ կարևոր հարցեր քննարկելու, իսկ քաղաքական հարցերը պիտի քաղաքական ուժերը քննարկեն:

Օրենսդիր մարմնի ղեկավարը գտնում է նաև, որ խորհրդարանը լեգիտիմ է, իսկ ինքն ապահովում է նրա բնականոն գործունեությունը:

Ինչ վերաբերում է հարցին, թե փարատվեցին իր մտահոգությունները վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո, Արա Բաբլոյանն ասաց. «Ես կարծում եմ՝ հետևում եք մեր հայտարարություններին, մենք համատեղ հայտարարությամբ հանդես եկանք՝ հաստատելով, որ Հայաստանը պետք է գնա ժողովրդավարական ուղիով»: