Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:44 • 23.09.18

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:

Ամենից շատ խախտումներն արձանագրվել են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 և Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերում, որտեղ գրանցվել է երեքական խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները: