Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23.09.18

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և «Պարսից ծոցի երկրներից մեկը» ներգրավված են Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը: Այդ մասին ասվում է Իրանի նախագահի կայքում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


«Պարսից ծոցի հարավային երկրներից մեկն իր վրա է վերցրել ինչպես ֆինանսական, այնպես էլ գրոհայինների զինման ու նրանց քաղաքականության հարցերը, նրանք երբեք չեն զղջացել և չեն դադարեցրել իրենց հանցագործությունները»,- ասել է Ռոհանին:


Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում վարձու գրոհայիններին, հանցագործություններ կատարելու համար անհրաժեշտ օգնություն տրամադրում ու պայմաններ ստեղծում նրանց համար:


«Մեզ համար հստակ է՝ ով է դա արել, որ խմբավորմանն են պատկանում և ում հետ կապ ունեն»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել շաբաթ օրն իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ, որի հետևանքով մահացել է 28 մարդ, ևս 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազում հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:


Երեկ զորահանդեսներ են անցկացվել Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են եղել Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին: