3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:21 • 23.09.18

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընտրությունների ընթացքը և պատասխանեց մի քանի հարցի:

-Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը, արդյոք գոհացուցի՞չ է:

-Մենք ուշի ուշով հետևում ենք բոլոր հրապարակումներին, որոնք առկա են, դրանք ճշտվում, ստուգվում են: Ես կարծում եմ, որ բնականոն հունով ընթանում է ընտրական գործընթացը և եթե նկատում ենք ինչ-ինչ խնդիրներ, անմիջապես ձեռնարկում են միջոցառումներ՝ դրանք կանխելու, շտկելու ուղղությամբ: Սակայն պետք է արձանագրել մեկ հանգամանք ևս, որ իրավամբ շատ կարևորելով ներկայացվող տեղեկատվությունն այն անձանց կողմից, ովքեր տեղամասային կենտրոններում են գտնվում, մասնավորապես՝ դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն, ուզում եմ փաստել հետևյալը, որ քանի որ մենք ուշի ուշով հետևում ենք ամբողջ տեղեկատվությանը, հետևաբար տեղեկատվություն ներկայացնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուն ևս, կարծում եմ, որ պետք  է բավականին ուշադիր լինեն նշված կազմակերպությունները, քանի որ արդեն կա մի շարք դեպք, երբ զանգահարում ենք տեղամասեր, փորձում ենք հասկանալ՝ ինչն է խախտման էությունը, և հենց այդ նույն կազմակերպության ներկայացուցիչները մեզ պարզաբանում են, որ նման բան ընդհանրապես տեղամասում առկա չէ, բայց նշված տեղեկությունները պարզելը, ճշտելը, արձանագրելը ռեսուրսատար է:

-Բայց արդեն խախտումների հետ կապված տեղեկություններ կան, այդ թվում՝  կահավորման հետ կապված:

-Ցանկացած նման տեղեկատվություն փորձում ենք ճշտել, եթե կան խնդիրներ՝ շտկել և տալ տեղեկատվությունը, թե ինչ է կատարվել յուրաքանչյուր նման հրապարակման հետ կապված:

-Խախտման քանի՞ դեպք եք հաստատել:

-Այս պահի դրությամբ 3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, այժմ կարելի է նշել, որ համենայնդեպս որևէ մասշտաբային, գլոբալ խախտում գոյություն  չունի:

-Արդյոք այս ընտրություններում բացթողում չէ՞, որ Եվրոպական կոնգրեսից միջազգային դիտորդներ ներկայացված չեն:

-Ես կարծում եմ, որ ոչ, բացթողում չէ, որովհետև ԿԸՀ-ն հրավեր ուղարկել էր, պարզաբանվել էր, որ պայմանավորված իրենց գրաֆիկով, որ իրենք մասնակցելու են այլ պետությունում ՏԻՄ ընտրություններին, որոնք նախապես եղել են պլանավորված, և չմոռանանք, որ մեզ մոտ արտահերթ ընտրություններ են, իրենք համապատասխան ռեսուրս չունեն, որ մասնակցեն: Ես ենթադրում եմ, որ խոսքը վերաբերել է և մարդկային ռեսուրսներին, գուցե նյութական ռեսուրսներին: Դրանով է պայմանավորված, որ նրանք չեն եկել:

-Եթե վարչապետի մակարդակով հրավեր լիներ, ըստ Ձեզ՝ պատասխանը այլ կլինե՞ր, հաշվի առնելով, որ նախկինում միշտ նման հրավերները հենց ամենաբարձ պաշտոնյայի մակարդակով է եղել:

-ԿԸՀ-ն լիարժեք իրավասություն ունի հրավիրելու դիտորդներին, հրավերքը ուղարկվել է, և պատասխանը ներկայացրի:

-Գնահատվում է, որ սա վերջին տարիների ամենաթափանցիկ, արդար ընտրություններ են:

-Ես զերծ կմնայի գնահատականներ տալուց, որովհետև այդ գնահատականների մեջ մտնում է նաև ԿԸՀ գործունեությունն այն առումով, որ քվեարկության կազմակերպումը, նախապատրասումն իրականացնում է ԿԸՀ-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձր պատասխանատվությամբ, ինչպես և մյուս ընտրությունների ժամանակ, ցուցաբերել է նաև այս անգամ՝ չնայած աշխատանքի մեծ ծավալին, քանի որ նախապատրաստական աշխատանքների ծավալները փոփոխված չէին, բայց ժամկետները կարճ էին:

Մենք կարողացանք այդ կարճ ժամկետների ընթացքում հասցնել  բոլոր գործառույթները, որոնք պարտավոր էինք:

-Ի՞նչն է փոխվել այս ընտրություններին, եթե հաշվի առնենք, որ այս իշխանությունները նախկինում Ձեզ մեղադրում էին նույնիսկ «նկարչության» մեջ:

-Այդ ամենի սին լինելը բավական է ապացուցել միայն այն  հանգամանքներով, թե ինչպես են ձևավորվում քվեարկության արդյունքները, դրանք նյութականացվում են ընտրական տեղամասերով, այդ տեղեկությունները տեղամաս առ տեղամաս հրապարակվում են, և բազմիցս նշել եմ, որ այն արձանագրությունները, որ կազմվել են տեղամասային ընտրական հանձնաժողովերում, նույնությամբ ամրագրվել են ԿԸՀ կայքէջում: ԿԸՀ-ն լիակատար թափանցիկության պայմաններում կազմակերպել է ամբողջ գործընթացը, բայց պետք է նկատել, որ տարբեր մարմիններ ընտրական գործընթացում ունեն անելիքներ, և այդ ամբողջի հանրագումարում են, որ արվում են տարբեր դատողություններ:

 

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան