Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է

09:43 • 24.09.18

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է: Նա պատժիչ հաստատությունում կրել է իր նկատմամբ սահմանված 30-օրյա վարչական կալանքը՝ 2018 թվականի հունվարին Մոսկվայի կենտրոնում չարտոնված միջոցառում կազմակերպելու համար:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այդ մասին Twitter-ում գրել է նրա աջակից Լեոնիդ Վոլկովը:


«Ալեքսեյ Նավալնիին ձերբակալեցին պատժիչ հաստատությունից դուրս գալիս: Բացեցին դուռը և անմիջապես նստեցրին ավտոբուսն ու տարան անհայտ ուղղությամբ»,- գրել է նա:


Ավելի ուշ Վոլկովը պարզաբանել է, որ ընդդիմադիրը գտնվում է «Դանիլովսկիյ» ներքին գործերի բաժանմունքում, նրա նկատմամբ ձևակերպում են նոր վարչական գործ՝  «Հանրահավաքի անցկացման ժամանակ թույլ տրված խախտումներ, որոնք վնաս են հասցրել մարդու առողջությանը»:


Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 9-ին անցկացված, իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկան է տուժել: Նա, ինչպես հաղորդվում է, մի քանի հարված է ստացել գլխին: