Իրականացվե՞լ է լռության օրը հակաքարոզչություն, թե՞ ոչ. ԿԸՀ-ն քննարկեց ԲՀԿ-ի դիմումը, կողմերը ներկայացրին փաստարկները (տեսանյութ)

16:51 • 28.09.18

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց դիմումը, ըստ որի սեպտեմբերի 22-ին Երևան ավագանու  արտահերթ ընտրությունների նախորդող օրը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները կազմակերպել են ասուլիս և ներկայացրել են մեդիամոնիտորինգի տվյալներ, որտեղ հնչեցրել են գնահատականներ այն մասին, թե բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ ԲՀԿ-ն ըտնրակաշառք է բաժանել, թեև դրանք չեն ապացուցվել, բացի դրանից, նշվել է, որ ֆլեշմոբի մասնակիցներին գումար է բաժանվել, իսկ հետո ԲՀԿ-ն, իմանալով այդ բացահայտումների մասին, սպառնացել է դատական հետապնդումներ իրականացնել այդ մարդկանց նկատմամբ, ովքեր իբր գումար են վերցրել և բացահայտել դա:

Այսպիսով, դիմումատուն դիմումի մեջ պնդել է, որ հակաքարոզչություն է իրականացվել, ինչն ազդել է ընտրության արդյունքների վրա: Ռուբեն Մանուկյանը ԿԸՀ-ին մեղադրել է անգործության համար, թեև ԿԸՀ-ն փորձ  է արել կապ հաստատել և կանխել ասուլիսը, ինչը չի հաջողվել, քանի որ ասուլիսն արդեն մեկնարկած է եղել: Դիմումատուն նկատել է նաև, որ ԿԸՀ-ը խոստացել է հետագայում վարույթ իրականացնել, բայց մինչ այսօր որևէ քայլ չի իրականացվել այդ ուղղությամբ: Այսպիսով, ներկայացնելով օրենքի այն հոդվածները, որոնք խախտվել են լռության օրը ասուլիս կազմակերպելով, դիմումատուն պահանջում է ԿԸՀ-ից վարույթ իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Տիգրան Մուկուչյանը նախ պարզաբանեց, որ քննարկման օրը ձեռնպահ են մնացել հարցի քննարկումից, քանի որ այն պետք է լիներ հրապարակային և դա կլիներ հարթակ, որտեղ կհնչեր քարոզչություն կամ հակաքարոզչություն:

Ինչ վերաբերում է վարույթ հարուցելուն, ապա ԿԸՀ նախագահը նշեց, որ տեղեկատվություն կար, որ վարչական դատարան են դիմելու, և դրա համար ԿԸՀ-ը ձեռնպահ մնաց վարույթ իրականացնելուց՝ մինչև դիմումը: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ վարույթ արդեն հարուցվել է, և ցանկանում էր իմանալ, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ասուլիսին ասել է, որ ֆլեշմոբին եղել են անձինք, ովքեր մասնակցել են միայն նրա համար, որ գումար են վճարել, ինչի ապացույցները ունեին: Նա շեշտեց, որ ասուլիսին ներկայացել է որպես դիտորդ: «Այն հիմնված է անձնական դիտարկման վրա»,- ասաց նա և նշեց, որ դա ապացուցող ձայնագրություն կա։

Նա նշեց, որ ընտրական օրենսգրքում չկա «լռության օր» սահմանումը: «Համարում եմ, որ նման մոտեցումն անընդունելի  է, եթե կասկածի եք դնում, որ դիտորդը կարող է ասուլիս տալ կամ հրապարակային խոսել խախտումների մասին, քանի որ դա հակասության մեջ կլինի 32-րդ հոդվածի հինգերորդ կետի հետ, Սահմանադրության հետ»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը հարցրեց, թե եթե ասուլիսին ասում եք, որ ահազանգեր եք ստացել, որ  ընտրակաշառքներ են բաժանվել, որոնք ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել է, ապա այդ մասին հայտարարելու նպատակը ո՞րն է, և արդյոք դա չի՞ ազդում ընտրողի մոտ վերաբերմունք ձևավորելու առումով: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք ոչ թե պնդել են, թե ընտրակաշառքներ բաժանվել են, այլ որ այդպիսի ահազանգեր են ստացել:

 

Իրականացվե՞լ է լռության օրը հակաքարոզչություն, թե՞ ոչ. ԿԸՀ-ն քննարկեց ԲՀԿ-ի դիմումը, կողմերը ներկայացրին փաստարկները (տեսանյութ)