Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (թարմացված)

19:43 • 02.10.18

20։02

Քվեարկությունից հետո բանավեճ տեղի ունեցեվ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ իրեն հայհոյում էին հրապարակավ, Սասուն Միքայելյանը որևէ բան չարեց։

Արմեն Ռուսատմյանը հարցին, թե մշտապես հայտարարել են, որ աջակցում են հեղափոխությանը, իսկ հիմա կողմ են քվեարկում նախագծին, ասաց, որ ինքը կարծում է, որ այդ քայլն աջակցություն է հեղափոխությանը:

«Ո՞վ է սեփականաշնորհել հեղափոխությունը, չհասկացա: Դուք ո՞նց եք որոշել՝ ով է հեղափոխական, ով՝ չէ. ով ինձ հետ չէ, հեղափոխական չէ, ով ինձ հետ է, սո՞ւրբ է»:

Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ն ինչ-որ բաներ ունի, որ դեռ չի ցանկանում կորցնել. «Իրենք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար այսպես են անում»:


19։55

Րոպեներ առաջ նիստերի դահլիճ մտան ԵԼՔ-ի պատգամավորները և հավաքեցին գրանցման քարտերը: Այսպիսով՝ նրանք ձախողում են արտահերթ նիստը, որպեսզի չընդունվի այդ աղմկոտ նախագիծը, սակայն ՀՀԿ-ն քվեարկեց ձեռքով:

Ազգային ժողովը 67 կողմ ձայով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ընդունված նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված: Եվ այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:

Փաստորեն այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 




19։45

Միաժամանակ Ազգային ժողովի դիմաց հանրության մեծ հոսք է նկատվում. քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում՝ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով։ 



19։40

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկել է, սակայն բարձրախոսները միացված չեն, այդ պատճառով պատգամավորների ձայները հազիվ լսելի են: 

Պատգամավորները գրանցվեցին ձեռքերը վեր բարձրացնելով, ի վերջո  վիճաբանություն եղավ Աժ նախագահ Արա Բաբլոյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

Բաբլոյանը ձայը բարձրացրած ու ցուցամատով խոսեց նրա հետ, լսելի դարձավ Միքայելյանի հորդորը, որ ի վերջո մի անգամ լսեն ժողովրդի ձայնը։ 

 



-----------------

Այսօր՝ ժամը 19:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարել, «ՀՀԿ» խմբակցությունը ներկա է, այստեղ են «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները:

Նիստի մեկնարկի մասին դեռ չի հայտարարվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հասարակությանը կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի մոտ,որովհետև տեղեկություն է ստացել,որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը 19:30-ին արտահերթ նիստ է հրավիրում հայտնի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին քվեարկելու համար: