Ազգային ժողովում ավարտվեցին Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները (տեսանյութ, լուսանկարներ)

21:59 • 02.10.18

01։00

Ազգային ժողովում ավարտվեցին Փաշինյան-խորհրդարանական ուժեր բանակցությունները:

ՀՀ վարչապետն ասաց, որ բանակցությունների մասին կխոսի դրսում, միայն նշեց, որ բանակցությունները նորմալ են ընթացել.«Այս խոսակցությունը քաղաքական կուլտուրայի առումով է կարևոր, որովհետև նստեցինք, խոսեցինք, շատ նորմալ մթնոլորտ էր, ինձ համար դա կարևոր է»:




00։05 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ, վարչապետի կոչով Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարները ԳԱԱ-ի մոտ վարչապետին լսելուց հետո նրան ուղեկցեցին ԱԺ: Բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի բակում շարունակում են սպասել Նիկոլ Փաշինյանին:

23։05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կբանակցի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ կփորձի իմանալ գործընկերների տեսակետը, թե ինչպես պետք է հաղթահարեն ստեղծված իրավիճակը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում հանգուցալուծումը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ես հրաժարական կտամ, և իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ պարզապես մարդկանց չգրգռելու համար, որովհետև երբ ես հրաժարական տված լինեմ, ու իրենք թեկնածու առաջադրեն, դա  մարդկանց կբորբոքի: Ես հույս ունեմ, որ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ կգնահատեն»:

Հարցին, թե համաձայնագիր կստորագրե՞ն, որ մյուս քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վատ չի լինի նաև համաձայնագիր ստորագրել:

Հարցին՝ եթե իրավիճակը ճիշտ չգնահատեն, ինչ է պատրաստվում անել վարչապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համարժեք:

Հարցին,թե ինչ հիմքով ցուցարարները մուտք գործեցին ԱԺ տարածք, երբ նման որոշում չկա, վարչապետն ասաց, որ ինչպես Բաղրամյան 26-ում դռները բացվեցին, այնպես էլ այստեղ դռները բացվեցին:

ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով խորհրդարանի բակում գտնվող ցուցարարներին հորդորեց խաղաղ ակցիա իրականացնել և հիշել իրենց սկզբունքների մասին. «Եթե խորհրդարանի որևէ պատգամավոր շենքից դուրս կգա և կցանկանա տարածքը լքել, ճանապարհ բացե՛ք և առանց որևէ վիրավորանքի, առանց որևէ տհաճության թողե՛ք, որ մարդիկ անցնեն»:




22։25

Վարչապետ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ գնալու է Ազգային ժողովի շենք, որպեսզի ստեղծված իրավիճակի շուրջ բանակցի այնտեղ գտնվող պատգամավորների հետ և ցուցարարներին խնդրեց չմտնել Ազգային ժողովի շենք, սակայն քաղաքացիները Դեմիրճյան մուտքից մտան Ազգային ժողովի տարածք:

Վարչապետը մուտք է գործել բանակցելու խորհրդարանում գտնվող խմբակցությունների հետ: Նրան ուղեկցում են երկրի առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, նախարարներ:



------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում ասաց, որ իր աշխատակազմին հանձնարարել է  կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել:

Մինչ այդ վարչապետը հայտնել էր, որ Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արտահերթ նիստում դրել է քվեարկության, որն ընդունվել 67 կողմ ձայնով:

«Երեկ և այսօր «ՀՀԿ» խմբակցության, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը ՀՀ-ում հակահեղափոխոթւյուն իրականացնելն է, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակելը: Այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես, այդ որոշման մասին իմանալով, իմ աշխատակազմին հրահանգել եմ պատրաստել ստորագրման ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու հրամաններ, աշխատանքից կազատվեն նաև այդ ուժերը ներկայացնող մարզպետները և նրանք բոլորն այս պահից համարվում են աշխատանքից ազատված»,- ասաց Փաշինյանը:

Քիչ հետո վարչապետը քաղաքացիների աչքի առջև ստորագրեց նախարարներին ու մարզպետներին աշխատանքից հեռացնելու հրամանները։

Նա նաև հայտնեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և շարունակել աշխատանքը Կառավարությունում. լուրը քաղաքացիներն ընդունեցին ոգևորությամբ։

Նշենք, որ նոր կառավարությունում  ԲՀԿ-ն ունի չորս նախարար՝ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը,  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը,Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Նշենք, որ ՀՅԴ–ական նախարարներն են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում խորհրդարանը 67 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նշենք, որ ընդունված նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված:

Եվ այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:

Փաստորեն այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: