Եթե խոսում ենք և իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը. Ն. Փաշինյանը՝ քաղաքական ուժերի հետ բանակցությունների մասին

18:19 • 03.10.18

Երեկ ես ասացի, որ եթե ճիշտ եմ հասկացել՝ խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրի, այսօր պարոն Աշոտյանն ակնարկում է՝ հնարավոր է, որ մենք ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում, եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում իրար, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Тert.am-ի հարցին՝ արդյոք բանակցություններն այսօր խորհրդարանական ուժերի հետ շարունակվելու են:

«Այսօր այդ մասին խոսակցություն չի եղել, պլաններ չկան, քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում, և մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում. այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կան»,- շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ծրագրերով գնալու են առաջ, և ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ժողովրդական պահանջ է, և դժվար է պատկերացնել այն մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել այդ մարդկանց պահանջին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե այլ քաղաքական ուժերի օրակարգում նման պահանջ չկա, իրենք կարող են չմասնակցել ընտրություններին: Վարչապետի խոսքով՝ ներքաղաքական ճգնաժամը չխորացնելու միակ լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ինչ վերաբերում է իր նախկին հայտարարությանը, թե քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն, հետհեղափոխական էյֆորիան անցնի, ապա վարչապետն ասաց, որ Հայաստանում գուցե տասնհինգ տարի էյֆորիան չանցնի, ինչը չի նշանակում, որ պետք է արտահերթ ընտրությունները այդքան ժամանակ չլինեն:

Անդրադառնալով Tert.am-ի դիտարկմանը, թե քաղաքական ուժերը չեն ընդունում, որ քաղաքական ճգնաժամ է, նշում են, որ ԱԺ-ն ու Կառավարությունը համագործակցում են, օրենքներն ընդունվում են, վարչապետն ասաց.

«Երեկ տեսանք՝ ինչպես են համագործակցում, ԱԺ-ն որոշում էր ընդունում կառավարությունից թաքուն, որի նպատակը գիտենք՝ որն է»,- շեշտեց նա:

Վարչապետն ասաց, որ ՔՊ պատգամավորները տեղյակ էին, պարզապես ամեն ինչ հրատապության ռեժիմով էր արվել և իրենք հորդորել էին այդ ճանապարհով չգնալ, քանի որ այդ ճանապարհի վերջում լինելու է այն, ինչ որ երեկ եղավ:

Անդրադառնալով հարցին, թե վտանգավոր չէ այն շրջանը, երբ ինքը հրաժարական կներկայացնի և կլինի վարչապետի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կլինեն շուրջօրյա հանրահավաքներ:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական ուժերը երեկ նորից սխալվեցին: