Վենետիկի հանձնաժողովի 12-ամսյա ռեկոմենդացիան նախկինում էլ չէր պահպանվել, երբ սահմանադրական ճգնաժամ չկար. Դանիել Իոաննիսյան

10:20 • 04.10.18

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան մշտապես տանում է ՀՀԿ-ականների գիծը, ինչը պատահական չէ՝ հաշվի առնելով, թե որ կուսակցությունն է ներկայացնում ԵԽԽՎ-ում:

Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կառավարությանը կից Ընտրական օրենսգրքի հայեցակարգը մշակող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին «խոսքով և գործով» հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը: Այդ մասին ասված է ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ հատկապես կարևոր է, որ փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, ինչպես կոչ են արել որոշ քաղաքական շահագրգիռ կողմեր: «Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ցուցումները, ներառյալ՝ ընտրական օրենսդրության կայունության առնչությամբ, և հիմնված լինի բոլոր քաղաքական ուժերի միջև հնարավորինս առավելագույն կոնսենսուսի վրա»,- 
հայտարարությունում նշվում է, որ համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ քննարկելու վերջին զարգացումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ի պատասխան՝ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ «ԵԽԽՎ–ի այս տիկինն ամբողջությամբ տանում է Հանրապետականների գիծը»: «Ինքը ոչ միայն այդ, ուրիշ հայտարարություններ էլ է արել հանրապետականների օգտին: Սա այն նույն մարդն է, ով ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններին եղել է քիչ մասնակցություն։ Եվ առհասարակ, մի հատ նայե՛ք, թե ինքը Ուկրաինայում որ կուսակցության ներկայացուցիչ է: Յանուկովիչի: Սա մեկ, և երկրորդ՝ ինքն ընդամենը մեկ հոգի է, և ոչ թե ԵԽԽՎ, ինքը չի կարող ԵԽԽՎ անունից հայտարարություն անել»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հարցին, թե ինչպես չի կարող, եթե այդ հայտարարությունը տեղադրված է ԵԽԽՎ կայքում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Հրապարակվել է, որովհետև ԵԽԽՎ անդամ է, բայց սա ԵԽԽՎ դիրքորոշումը չէ, սա կլիներ ԵԽԽՎ –ի դիրքորոշումը միայն այն դեպքում, եթե ԵԽԽՎ-ն՝ խորհրդարանական վեհաժողովը, ընդունի համապատասխան բանաձև, հայտարարություն, այդ ժամանակ կասենք՝ լավ, սա այդ կառույցի դիրքորոշումն է»,- ասաց Դ. Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ Իոաննիսյանն ասել էր, որ եթե երկրում կա սահմանադրական ճգնաժամ, ապա Վենետիկի հանձնաժողովի 12-ամսյա ռեկոմենդացիան չի պահպանվելու՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի սկզբին ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվելու: 

«Նախկինում՝ 2016-2017-ին էլ դա չի պահպանվել, երբ 2016-ի հոկտեմբերին ԸՕ-ն հոկտեմբերին փոփոխվեց, իսկ 2017-ի ապրիլին ընտրություններ արվեցին, թեև որևիցե ճգնաժամ չկար»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Վենետիկի հանձնաժողովի 12-ամսյա ռեկոմենդացիան նախատեսում է տևական ընթացակարգ՝ 12-ամսյա ժամկետում, որի ընթացքում հանձնաժողովը փորձագիտական մակարդակով պարբերաբար ցուցումներ և փորձագիտական կարծիքներ է ներկայացնում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

 

Վենետիկի հանձնաժողովի 12-ամսյա ռեկոմենդացիան նախկինում էլ չէր պահպանվել, երբ սահմանադրական ճգնաժամ չկար. Դանիել Իոաննիսյան