ՌԴ-ում ուղղաթիռի կործանման զոհերից մեկը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանն է
Նախօրեին Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի կործանման զոհերից մեկը, ինչպես պարզվել է, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Սահակ Կարապետյանն է, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ ՌԴ Քննչական կոմիտեում հաստատել են տեղեկությունը, սակայն չեն կարողացել նշել, թե ինչպես է գեներալը հայտնվել ուղղաթիռում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել է 4 մարդ:
«Heliport Москва» համալիրին պատկանող ուղղաթիռը թռիչքն իրականացրել է առանց թույլտվության: Այն ուղևորվելիս է եղել Սպասսկոյե գյուղական համայնք, սակայն չհասնելով նշանակված վայր՝ կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում:
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ կարող էր հանդիսացած լինել օդաչուի՝ մութ պայմաններում տեղանքում չկողմնորոշվելը: Չի բացառվում նաև վառելիքի սպառված լինելու վարկածը:










