Պատրաստ եմ ներողություն խնդրել, բայց դա չի նշանակում, որ ընդունելի են նրա ասածները վարչապետի և նաև իմ հասցեին. Ա. Իսպիրյանը՝ ակցիա իրականացնող կնոջ հասցեին «գիժ անտեր» գրառման մասին

18:28 • 05.10.18

Երևանի նորընտիր ավագանու ՔՊ-ական անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր այն ֆեյսբուքյան գրառմանը, որ Կառավարության առաջ ակցիա անող կնոջ մասին պատմող նյութի տակ «գիժ անտեր» էր անվանել նրան:

Իսպիրյանը նշեց, որ նախ ինքը տեղյակ չի եղել, որ կինը երեխա է կորցրել, և գրառումը կատարել էր տեսանյութը դիտելու տպավորության տակ, և նշեց, որ պատրաստ է որպես ՝ ներողություն խնդրել իր գրառման մեջ առկա վիրավորանքի համար, թեև չի կարծում, որ այդ կինը ճիշտ ձև ու տեղ է ընտրել իր բողոքն արտահայտելու:

«Նախ ես չգիտեի, որ ինքը երեխա է կորցրել 2014թ-ին, ես դրա մասին ընդհանրապես չգիտեի, միացրի, տեսնեմ՝ ինքը շատ անկիրթ ձևով բղավում էր, ինչ ասես չասելով, նույնիսկ նախիր անվանեց իշխանություններին:  Բայց պարզ է, չէ՞, որ դա վարչապետի մեղքով չի եղել, և չի կարելի վարչապետին, ում ընտրել է ժողովուրդը, անվանել «Սորոսի ետևում թաքնված նախիր»: Ես՝ որպես տղամարդ, պատրաստ եմ ներողություն խնդրել կնոջից, բայց դա չի նշանակում, որ ինձ համար ընդունելի են նրա ասածները ժողովրդի կողմից ընդունված վարչապետի հասցեին և նաև իմ հասցեին։

Նշենք, որ երեկ Կառավարության առաջ բողոքի ակցիա էր իրականացնում Ռուզաննա Ադանալյանը, ում պնդմամբ՝ որդուն մի քանի հոգով սպանել են, սակայն հիմա մեղադրյալի աթոռին մեկ քաղաքացի է գտնվում, իսկ մնացածը դրսում են: Նա Կառավարության առաջ բղավում էր, որ «Նիկոլը հակահեղափոխական է, լևոնական, սերժական, ռոբերտական ու հանցագործ»:

Արթուր Իսպիրյանը նշեց, որ նման արտահայտությունները՝ «Սորոսի նախիր» և այլն,  կասկածի առիթ են տալիս, որ ինչ-որ մեկն իրեն ուղղորդել է, անուններ է տվել, ասել՝ գնացե՛ք, ասե՛ք:

«Բայց այդուհանդերձ որպես տղամարդ ես կնոջից ներողություն եմ խնդրում այդ բառերի համար: Հիմա այնպիսի շրջան է, որ բոլորս էմոցիոնալ ենք և չենք ընդունում հակահեղափոխական որևէ կոչ, նման որևէ մոտեցում»,- ասաց նա: