Ամուրում կամրջի փլուզման պատճառ դարձած բեռնատարի ղեկին հայ է եղել. ՌԴ-ում ՀՀ դեսպանի խոսնակ (տեսանյութ)

15:23 • 09.10.18

Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում կամրջի փլուզման պատճառ դարձած գերծանրաբեռնված բեռնատարի ղեկին հայ վարորդ է եղել: Այդ մասին tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի խոսնակ Լևոն Թորգոմյանը:


Նա մանրամասնել է, որ 1980թ. ծնված Բ.Ա.Դ.-ն բաց կոտրվածք ունի և այժմ վիրահատվում է:


Հիշեցնենք, որ փլուզման պահին կամրջով բեռնատար է անցնելիս եղել: Իշխանությունները մանրամասնել են, որ կամուրջը փլուզվել է Տրանսսիբիրյան երկաթուղու վրա: Հաղորդվել է նաև, որ փլուզման պատճառը եղել է գերծանրաբեռնված բեռնատարը:

Ամուրի մարզպետ Վասիլի Օռլովն ընդգծել է, որ բեռնատարը կշռել է տվյալ կամրջի համար օրենքով սահմանված 44 տոննայից ավելի:

«Միանգամայն վստահ եմ, որ բեռնատարը թույլատրելի 44 տոննայից ավելի է կշռել, ինչի պատճառով էլ կամուրջը փլուզվել է»,-ասել է նա: