Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է. լրատվամիջոցներ

15:09 • 09.10.18

Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող անձին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Բուլղարիայի ազգային ռադիոյին հղումով, նախնական տեղեկությունների համաձայն՝ նա Ռումինիայի և Մոլդովայի քաղաքացի է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Երկրի ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել:


Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին կիրակի, Ռուսե քաղաքի զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:


Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքով՝ քննությունը շատ ապացույցներ ունի, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է:


Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ նաև նրա մասնագիտական գործունեությունը: Չի բացառվում, որ նրան կարող է խելագար սպանած լինել:


Միջազգային կազմակերպությունները պահանջել են իշխանություններից անհապաղ պատժել մեղավորներին:


Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:


Նա դարձել է 2017 թվականից ի վեր Եվրամիության երկրներում սպանված 4-րդ լրագրողը: