Դատարանը վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, սակայն այն կրկին մուտք է արվել դատարան

13:36 • 09.10.18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Հայարփի Զարգարյանի, ծանոթանալով Ռոբերտ Քոչարյանի հայցին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, որովհետև չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Tert.am-ի հետ զրույցում դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ հայցադիմումը նույն օրը մուտք է արվել դատարան:

«Հայցադիմումը վերադարձնելուց անմիջապես հետո մուտք է արվել դատարան, բացակայում էր անձնագրի պատճեն, դիմումին կից ներկայացվել է»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հայցվոր Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել:

 

Դատարանը վերադարձրել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, սակայն այն կրկին մուտք է արվել դատարան