Վանաձորում կրակոցների հետևանքով երեք անձ է վիրավորվել. ոստիկանապետի հանձնարարությամբ՝ դեպքի վայր է մեկնել ՔՀԳՎ պետը

19:38 • 11.10.18

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ժամը 19։05-ի սահմաններում  հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց Է. Ջանոյանը։

Էդգար Ջանոյանը հայտնեց,որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ շտապ Վանաձոր է մեկնել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Կարապետյանը, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Tert.am-ը կապ հաստատեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այս պահին նրանցից 2-ին վիրահատում են:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն ստացել է ուսագոտու վնասվածք, մյուսը՝ աջ և ձախ ազդրերի վնասվածք, 3-րդը՝ որովայնի:


 

 

ՀեղինակԱնի Օհանյան