Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով

15:42 • 15.10.18

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօս»-ը:

Աղբյուրը նշում է, որ Ստամբուլի մի շարք վարչական շրջանների ղեկավարությունների կողմից փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագծի շրջանակում անվանափոխվել է շուրջ 90 փողոց:

Նախագիծը հաստատվել է քաղաքապետարանի խորհրդի անդամների մեծամասնության աջակցությամբ. կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամները:

Զանգվածային վերանվանումների նախագիծը ներկայացվել է այդ թվում նաև բազմաթիվ փողոցների՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական կրոնական համայնքի հետ ասոցացվելու պատճառով:


Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, խմբագրության առջև: