Ես նոր Հայաստանի կողմնակից եմ, իսկ իմ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում հեռանալ նախկին իշխանության հետ. Հունան Պողոսյան

11:03 • 16.10.18

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ: Այդ բոլոր կետերը դեռևս արծարծվել են իմ ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հրաժարվելու տեքստում:

Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով այսօր կնշանակվի Սյունիքի մարզպետ, հարցը Կառավարության նիստի օրակարգում է:

Հարցին, թե մեկնաբանություններ կան, որ Դուք նախկին իշխանության համար եք ծառայել, Հունան Պողոսյանն ասաց. «Ստրկամիտ մարդիկ են երևի, այդպես են մտածում, ես ծառայելով օրենքին եմ ծառայել ժողովրդին»:

Tert.am-ի հարցին, թե փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում, որ հեռանում է նախկին քաղաքական թիմի հետ, Հունան Պողոսյանն ասաց, որ սխալ է ընկալվել. «Ոչ, սխալ եք ընկալել, ես այդ պաշտոնում ութ տարի պաշտոնավարել եմ, ինձ կարճ դադար էր պետք, այդ դադարը եղավ, ինչից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»:

Հարցին, թե հեշտ է մարզ տեղափոխվելը, և որոնք են խնդիրները, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ  խնդիրներ կան, պլաններ կան, առաջինը փոխվստահության մթնոլորտը ստեղծելը, և որ ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը:

Հարցին, թե Սյունիքում նախկին ուժայինի ընտրությունն ինչով էր պայմանավորված, Պողոսյանն ասաց, որ չի կարող ասել:

Հարցին, թե հրաժարականից հետո եղել է պայմանավորվածություն վերադառնալ կառավարման համակարգ, Հունան Պողոսյանը բացասական պատասխան տվեց:
  
Իսկ թե այս իշխանության հետ աշխատանքը ինչպե՞ս է պատկերացնում, նոր կառավարություն է, Հունան Պողոսյանն ասաց. «Նորմալ, շատ հասարակ:  Ես նոր Հայաստանի կողմնակից եմ և ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանում լավ լինի, դուք որ իմ հրաժարականի տեքստին ամբողջապես ծանոթանաք, կտեսնեք, որ այդ բոլոր մտքերն արծարծվել են դեռ այն ժամանակ»:

 

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ, իսկ իմ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում հեռանալ նախկին իշխանության հետ. Հունան Պողոսյան