9 ժամ. թուրք քննիչների խումբն ավարտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում խուզարկողական աշխատանքները

09:35 • 16.10.18

Թուրք քննիչների խումբն ավարտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում խուզարկողական աշխատանքները՝ կապված օրերս հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործի հետ:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, խումբը հյուպատոսության տարածքում անցկացրել է 9 ժամ 10 րոպե՝ այդ ընթացքում խուզարկելով ոչ միայն հյուպատոսության շենքի ներսը, այլև հողային ամբողջ տարածքը: Խումբը մուտք է գործել հյուպատոսության տարածք երեկոյան ժամը 19.15-ին և դուրս եկել այնտեղից լուսադեմին՝ 4.25-ին:

Լրագրողների տեսախցիկները դրսից ֆիքսել են, որ թուրք մասնագետները խուզարկողական աշխատանքների ժամանակ օգտագործել են ոստիկանական շների, ինչպես նաև ԴՆԹ նմուշներ են վերցրել թե՛ հյուպատոսարանի սենյակների որոշ իրերից, թե՛ այգու հողից:

Սաուդացի լրագրողը, որը 2017-ից բնակվել է ԱՄՆ-ում և աշխատել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:

Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պարզել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ կապված իրավիճակը և չի բացառում «խիստ պատժի» կիրառումը, եթե պարզվի, որ անհետացման հետևում կանգնած է Էր Ռիադը։