Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի

17:46 • 23.10.18

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դատարանի կողմից վարույթ չընդունվելու հետո կրկին մուտք էր արվել դատարան և ընդունվել է վարույթ: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
 
Դատավոր Դավթյանի որոշման մեջ ասվում է.«Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և հայցադիմումը դատարանում ընդունված համարել սկզբնապես ներկայացնելու օրը՝ 20.09.2018 թվականը»: 

Նշենք, որ ավելի վաղ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վարույթ չէր ընդունվել, սակայն տեխնիկական թերությունը շտկելուց հետո հենց նույն օրը հայցադիմումը մուտք է արվել դատարան:  

Փաստաբանն ասել էր, որ հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում էր պահանջել: