Ռուսաստանը պատասխան քայլերով է սպառնացել Լեհաստանին՝ ամերիկյան զորամիավորում տեղակայելու մտադրության պատճառով
Լեհաստանի իշխանությունների պլանները՝ երկրի տարածքում ԱՄՆ բանակի զորամիավորում տեղակայելու վերաբերյալ, ստիպում են Ռուսաստանին պատասխան քայլեր ձեռնարկել: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ նովոստի գործակալությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նման պայմաններում մենք պետք է պատրաստ լինենք չեզոքացնել հնարավոր ռազմական սպառնալիքները բոլոր ուղղություններով»,- ասել է նա:
Նախարարի կարծիքով՝ Վարշավայի մտադրությունը հակաարդյունավետ է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության կայունությանն ու ամրապնդմանը:
Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ներքաշվել Արևմուտքի հետ ռազմական առճակատման մեջ և ձգտում է անվտանգության ոլորտում համագործակցության:










