ԱՄՆ-ն արգելել է Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացու մուտքը երկիր

11:22 • 24.10.18

Միացյալ Նահանգների իշխանություններն արգելել են Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացու մուտքը երկիր, նման որոշումը կապված է սաուդցի ընդդիմադիր լրագրող, ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականի թղթակից Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանության հետ:

Ինչպես փոխանցում է globalnews.ca-ն, այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը:

Նա ընդգծել է, որ «սև ցուցակում» հայտնվել են հիմնականում սաուդցիներ, որոնք ունեին ամերիկյան վիզաներ: Նրանց ամբողջական ցուցակը, սակայն, չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: