Խաշոգջիի սպանությունն անհնարին էր կազմակերպել առանց ԱՄՆ-ի օգնության. Ռոհանի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունն անհնարին էր կազմակերպել առանց ԱՄՆ-ի օգնության, գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Անհնարին է, որ ժամանակակից աշխարհում մենք ականատես լինենք նման կազմակերպված սպանության, ու ես չեմ կարծում, որ որևէ երկիր նման բանի կգնար առանց ԱՄՆ-ի աջակցության», - ասել է Ռոհանին:
Նա նաև կոչ է արել Թուրքիայի իշխանություններին անկախ հետաքննություն վարել ու հավելել է, որ տարբեր երկրների դիրքորոշումն այդ սպանության վերաբերյալ ցույց է տալիս նրանց հարգանքը մարդու իրավունքների ու արժանապատվության նկատմամբ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:










