Փաշինյանի ելույթը ԼԳԲՏ խնդիրների մասին աննախադեպ էր, բայց տեսակետները շատ չեզոք էին. «Նոր սերունդ» ՀԿ ծրագրերի համակարգող
ԼԳԲՏ հիմնախնդիրների վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի ելույթն աննախադեպ էր, սակայն բավականաչափ չեզոք էր։
Այս մասին Tert.am -ին հայտնեց «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Հմայակ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց հղեց նոյեմբերի 15-ին կայանալիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ, ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ասելով, որ հանձնարարել է պարզել, թե ինչ համաժողով է լինելու:
Հմայակ Առաքելյանն ասաց, որ իրականում իրենք ևս ֆորումի վերաբերյալ մանրամասներին շատ մակերեսային են տիրապետում, քանի որ ընդամենը լոգիստիկ կազմակերպիչ են:
«Լինելու է փակ հանդիպում, ընդհանրապես դրսում հավաքներ, ելույթներ չեն լինելու, Աստվածաշնչի մեկնաբանություն է լինելու։ Աստվածաշնչի փոփոխություններ չեն սպասվում, պետական մակարդակով հարցեր չեն քննարկվելու, և այն, ինչ տարածվում է համացանցում, սին հայտարարություններ են» ,- ասաց ՀԿ ծրագրերի համակարգողը:
Հարցին, թե ինչ է նշանակում՝ «Աստվածաշնչյան մեկնաբանություններ», ՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ պարզապես Աստվածաշունչը մեկնաբանելու են որպես սիրո և հանդուրժողականության կրոն՝ սիրո բոլոր դրսևորումների մեջ:
Առաքելյանը նշեց, որ գալու է 40-50 հոգի՝ մի քանի երկրներից:
Հիշեցենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հայտարարեց, որ իր համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է, սակայն հավելեց.
«Ես կարծում եմ՝ այս պրոբլեմատիկան քննարկելիս պետք է հասկանանք՝ սա պրոբլե՞մ է, թե՞ ոչ, և ո՞նց ենք վերաբերվում դրան։ Մենք ընդունո՞ւմ ենք, որ ՀՀ-ում և աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում՝ ընդունում ենք։ Սովետական Միությունում կար հոդված, այդ մարդկանց տանում էին, բանտ էին նստեցնում։ Դրանից առաջ կախաղան էին հանում և այլն»,- ասաց նա։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ՀԿ-ի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն:
«Եվ վարչապետը մի քանի անգամ իր խոսքում շեշտել է, ոչ բռնությանը կողմ չէ ոչ մի պարագայում, ու ըստ այդմ՝ եթե մեկնաբանելու լինենք խոսքը, պետք է փաստենք, որ առաջին անգամ հանրապետության պատմության մեջ նման բարձր՝ ԱԺ ամբիոնից վարչապետի մակարդակով մի քանի րոպեանոց ելույթ լսեցինք ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների վերաբերյալ, ինչն արդեն իսկ առաջխաղացում է մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասաց Հմայակ Առաքելյանը:
Իհարկե, նա ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը ժողովրդավարության տեսանկյունից բավարար չէր, տեսակետներն իրականում շատ չեզոք էին:
Հիշեցնենք նաև, որ Tert.am –ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, անդրադառնալով նոյեմբերի կեսերին Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի դեմ իրենց հնարավոր գործողություններին, կոչ էր անում կազմակերպիչներին գնալ և նման համաժողով անցկացնել մեկ այլ երկրում, օրինակ, Չեչնիայում:
«Նոր սերո՞ւնդ». կտեսնեք տղամարդկային արժանապատվության մեր ակցիան»,- խոստացել էր Արագած Ախոյանը:
Հմայակ Առաքելյանն ասում է՝ ոչ ոք չի իմանալու ֆորումի տեղը և, հետևաբար, ոչ ոք չի խոչընդոտելու:
Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք Կառավարությունից հետաքրքրվել ու իրենցից համապատասխան տվյալներ ստացել են ֆորումի մասին, Հմայակ Առաքելյանն ասում է՝ Կառավարության առաքելությունն այս դեպքում պարզապես կլինի ֆորումի անվտանգ ու ապահով անցկացման ապահովումը:










