Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում․ Ն. Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր և ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպումից ստացած իր տպավորությունները:
«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է անկախության տարիներին։
Հիշեցնենք նաև, որ Ջոն Բոլթոնը Երևան է ժամանել երեկ երեկոյան: Նրա այցը տարածաշրջանային է․մեկնարկել է հոկտեմբերի 21-ին Մոսկվայից, որտեղ նա բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մոսկվայից հետո Բոլթոնի հաջորդ կանգառը եղել է Բաքուն: Այստեղ նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումներից:
Նա մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով: Նրա դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է ազդել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման վրա:
«Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև մեզ համար»,- ասել է նա:
Նշենք, որ Երևանից Բոլթոնը մեկնելու է Թբիլիսի:










