Տնտեսական հեղափոխություն, ի տարբերություն քաղաքականի, տեղի չի ունեցել, հետևաբար տնտեսությունը չի կարող զարգանալ. Սերգեյ Բագրատյան
Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ երկրի առաջ տնտեսական խնդիրներ են ծառացել:
«Հեղափոխությունից հետո քաղաքական բլոկն այլևս կայացած է, իսկ տնտեսական հեղափոխություն տեղի չի ունեցել, հետևաբար չի կարող տնտեսությունը զարգանալ: Եթե արագ տնտեսական բարեփոխումներ չիրականացնենք, մենք կունենանք տնտեսության և քաղաքականության խզում»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս պահին տնտեսական իրավիճակում որևէ բան չի փոխվել, բացի քաղաքական կամքից, որը ժխտում է կոռուպցիան: «Առաջին հերթին մաքսային և հարկային օրենսդրությունը պետք է փոխվի, ինչպես նաև տնտեսության մեջ կադրային քաղաքականությունը: Մեզ մոտ առկա են նախկին ռեժիմի գործիչներ, որոնք նոր պայմաններում պատրաստ չեն վերափոխվել»,- ասաց նա և նշեց, որ նրանք իներցիայով աշխատում են և թեև նախկինի նման չունեն քաղաքական հովանավոր, բայց շարունակում են ունենալ կապեր:
Պատգամավորը նկատեց, որ նոր խաղացողներ ի հայտ չեն գալիս, և դա պետք է ձևակերպել որպես տնտեսական հեղափոխություն, որը տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, և այս պահին իրական չէ սպասել տնտեսական հրաշքին:
Tert.am-ի հարցին, թե տնտեսության զարգացման վերաբերյալ իր խոսքը համընկնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին, ըստ որի՝ տնտեսական քաղաքականություն չկա, և կոռուպցիայի դեմ պայքարով չես կարող տնտեսություն զարգացնել, և արդյո՞ք կարելի է ասել՝ նույն տեսլականը ունեն տնտեսության զարգացման առումով, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ որևէ կերպ համամիտ չէ երկրորդ նախագահի տեսլականին:
Նա նկատեց, որ ԱՄՀ-ի կողմից Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման բարձրացումը բացառում է Ռոբերտ Քոչարյանի՝ տնտեսության զարգացման տեսլականը: «Սա ամբողջովին ժխտում է պեսիմիստներին, ովքեր մահախոսական են կարդում տնտեսության իմաստով, իսկ ես զարգացումներ եմ տեսնում: Երկրում գրանցված որոշակի աճը պայմանավորված էր քաղաքական հովանավորչության վերացմամբ, բայց չէր կարող մեծ աճ լինել, քանի որ խաղացողները մնացել էին նույնը»,- ասաց նա:
Գործարարների առումով Սերգեյ Բագրատյանը նշեց, որ առաջարկում է լրիվ մերժել նախկիններին և նոր գործիչներ ունենալ, որոնք այլևս կայացած գործիչներ կլինեն, և երիտասարդ կադրեր կներգրավվեն՝ մրցակցային հնարավորություն ստեղծելով:
«Օլիգոպոլ տնտեսության պայմաններում մրցակցային գործարարներ չեն առաջանում, այլ օլիգոպոլիային համապատասխան գործարարների թիմ է առաջանում»,- ասաց նա և նշեց, որ խնդիրն իշխանությունների հետ սերտաճած լինելն է:
Իսկ ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգում նախկին գործիչների ներգրավմանը, ապա Բագրատյանն ասաց, որ պետական կառավարման համակարգում պետք է ընդգրկել բոլորին՝ անկախ քաղաքական պատկանելիությունից:










