Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են․ Հենզել Մկոյանի խոսքով՝ հայ համայնքը քվեարկելու է Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին

10:32 • 28.10.18

Վրաստանում նախագահական ընտրություններին վրացահայ համայնքը միասնաբար քվեարկելու է թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը:

«Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի միակ թեկնածուն է, որ եղել է Նինոծմինդայում: Եղել է նաև Ախալքալաքում: Այս երկու բնակավայրերը 90 տոկոսով հայերով են բնակեցված: Բացի այդ, տիկին Սալոմեն, գալով այստեղ՝ խոնարհվեց Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև և ծաղիկներ դրեց: Նա խոսեց նաև նրա մասին, որ ընտանիքներով մոտ են եղել Շառլ Ազնավուրի հետ: Շառլ Ազնավուրը և Սալոմե Զուրաբիշվիլիի մայրիկը պարել են, միմյանց հետ ջազ կլուբ են գնացել, միմյանց հետ պարել են: Դա մեծ ազդեցություն թողեց ժողովրդի վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 46 թեկնածուից Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել էր 25 թեկնածուի, այստեղից 19-ը քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը նախաձեռնողական խմբերի թեկնածուներն են:

Նշենք, որ սրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն են։ Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նախագահի պաշտոնի համար մրցող թեկնածուներից են նաև  Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, «Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ» Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Վրացական մարշ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և այլք:

Ըստ Հենզել Մկոյանի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի ծրագիրը վրացահայ համայնքը հավանել է: Նա մատնանշեց, թեկնածուն խոստացել է լուծել Նինոծմինդայի, Ախալքալաքի 1700-ից ավելի բնակիչների խնդիրները, որոնք կապված են Վրաստանի քաղաքացիություն ստանալու  հետ: Հայազգի պատգամավորի խոսքով՝ հայերին քաղաքացիություն ստանալու դիմումները մերժվել են հիմնականում առանց հիմնավորման:

«Սալոմե Զուրաբիշվիլին խոսք է տվել, որ ընտրվելու դեպքում կստեղծի հատուկ հանձնաժողով, որով լուծվեն հայերի քաղաքացիություն ստանալու հարցերը»,- ասաց նա:

Հենզել Մկոյանի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձներից կարևորն այն է, որ նա լինելու է բոլորի նախագահը, նրա համար չեն լինելու ազգային փոքրամասնություններ: «Ասել է, որ ծառայելու է բոլորին, Վրաստանին: Նախագահը ուրիշ բան չի էլ կարող խոսք տալ: Մեզ մոտ նախագահն ավելի մեծ լիազորություններ չունի, որ շատ բաներ խոսք տա, կատարի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարող ենք ենթադրել, որ հայ համայնքի մեծամասնության թեկնածուն է Սալոմե Զուրաբիշվիլին, հայազգի պատգամավորը նշեց․«Ոչ թե համայնքի մեծամասնությունը, այլ  Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ջավախքի ամբողջ հասարակությունը որոշել է, որ նա Վրաստանում պետք է գրավի առաջին տեղը: Ամենաբարձր տոկոսները պետք է այստեղից հավաքի տիկին Սալոմե Զուրաբիշվիլին»:

Մեկ այլ դիտարկմանը, թե նախագահական ընտրությունների քարոզարշավում «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն էլ հայերին ուղղված ուղերձով հանդես եկել, Հենզել Մկոյանը պատասխանեց․«Նա ինձ հետ պատգամավոր է եղել: Սիրուն խոսել գիտի, բայց գործ անել չգիտի: Նա երբեք Ջավախքում չի եղել»,- ասաց նա: