Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ Արցախյան հարցը լուծվի Ադրբեջանի օգտին. Չավուշօղլու
Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների թվով 7-րդ եռակողմ հանդիպումը: Հայտնի է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Արցախի հիմնախնդրի մասին:
Ինչպես գրում է թուրքական mynet.com կայքը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ հարցը լուծվի Ադրբեջանի օգտին:
«Թուրքիան ցանկացած հարթակում, ցանկացած պայմաններում շարունակում է պաշտպանել Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք ամենուր ընդգծում ենք սա: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որ այդ խնդիրները լուծվեն խաղաղ, միջազգային իրավունքին հարիր ճանապարհով և տարածքային անմբողջականության սկզբունքի շրջանակներում», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կարևորել է նաև երեք երկրների ներգրավմամբ նախաձեռնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ու Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծերն ու շեշտել, որ ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունը շատ կարևոր է ու գոհացուցիչ:










