ԿԸՀ-ն հրապարակում է Վրաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Զուրաբիշվիլին ստացել է 38.79%, Վաշաձեն՝ 37.44% (թարմացված)

01:57 • 29.10.18

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին այս պահի դրությամբ հավաքում է ձայների 38.79 տոկոսը (493092 ձայն), իսկ ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37.65 տոկոսը (475883 ձայն):

Ինչպես տեղեկացնում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, նման արդյունքներ են ստացվել քվեաթերթիկների 80.16 տոկոսի մշակումից հետո:

ԿԸՀ-ի ներկայացրած տվյալները հաստատում են, որ անհրաժեշտ է լինելու անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Ձայների 10.99 տոկոսով երրորդ հորիզոնականում է հայտնվել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն (139729 ձայն): Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Շալվա Նաթելաշվիլին՝ ձայների 3.76 տոկոսով (47786 ձայն), իսկ հինգերորդ հորիզոնականը՝ Զուրաբ Ջապարիձեն՝ ձայների 2.33 տոկոսով (29581 ձայն):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրություններ էին անցկացվում, որոնց մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել էր: Արդյունքում՝ նախագահական ընտրություններին մասնակցել է 25 թեկնածու:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Աննա Միկելաձեի խոսքով՝ կիրակի անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունների հայտը կազմել է 46.74 տոկոս և ընդհանուր առմամբ քվեարկել է 1 մլն 637 956 մարդ:

Հավելենք նաև, որ ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին: Էքզիթ փոլերի արդյունքներով՝ առաջատար թեկնածուներն են իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: