Այնքան մեծ կախվածություն ունեմ հայկական ապրանքներից, որ կցանկանայի դրանք գտնել եվրոպական խանութներում․ ԵՄ դեսպան
Չնայած Հայաստանը մաս է կազմում GSP+ ին և ավելի քան 6000 հայկական ապրանք կարող է Եվրոպա արտահանել առանց մաքսատուրքի, սակայն այդ փաստը չի լուծում նրա մնացած խնդիրները: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցերին, թե ինչ պետք է անել, որ հայկական ապրանքը հայտնվի եվրոպական շուկայում, այսպես ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մասնավորապես կուզեի խոսել սերտիֆիկացման կամ հավաստագրերի պահանջների, մասնավորապես սննդի որակի և անվտանգության պահանջների մասին: Իհարկե, մենք հասկանում ենք, որ պահանջմունքները բավականին խիստ են, որ հատկապես օրգանական գյուղմթերքի համար այդ պահանջներն ավելի խիստ են, քան սովորական ապրանքներինը, բայց մենք հանձն ենք առել աջակցել այս գործընթացին, և օգնելու ենք հայ գործարարներին անցնել այն»,- ասաց նա:
Նա նաև նկատեց, որ եվրոպական շուկան գրավիչ է, բայց այնտեղ մրցակցությունն է դժվար: «Դուք պետք է ձեր ապրանքը լավ գովազդեք, ձեր բրենդը ստեղծեք Եվրոպայում: Ես հավատում եմ, որ հայկական ապրանքները շատ հաջողակ կլինեն»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ իրենք օգնում են հայկական ապրանքներին հայտնվել այլ շուկաներում: «Օրինակ՝ մենք օգնել ենք, որ հայկական գյուղմթերքը մուտք գործի Արաբական ծովածոցի երկրներ: Եվ Դուք ունեք Եվրասիական տնտեսական միության համագործակցության շուկան, և ԵՄ-ը կօգնի հայ ֆերմերներին, որ այնտեղ ևս հաջողակ լինեն»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը նաև նշեց, որ հայկական ապրանքները Եվրոպայում տեսնելու իր ձգտման հիմքում ընկած է անձնական մոտիվացիան:
«Մյուս տարի ես ավարտելու եմ իմ առաքելությունը այստեղ, վերադառնալու եմ Լեհաստան: Ես չեմ ցանկանա իմ ժամանակը ծախսել հայկական գինի, պանիր գտնելու վրա: Կցանկանայի, որ այդ ապրանքները ես գտնեի խանութներում: Այնքան մեծ կախվածություն ունեմ հայկական ապրանքներից, որ կցանկանայի, որ իմ վայրէջքը փափուկ լիներ: Ես չեմ թաքցնում, ես իրոք հետաքրքրված եմ, որ հայկական ապրանքները, գինիները կարողանան մուտք գործել և հաջողակ լինել եվրոպական շուկաներում»,- ասաց նա:










