«Գործընթացն արդեն սկսված է». Թրամփը ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին այլևս քաղաքացիություն չի պատրաստվում տալ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Axios on HBO-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր է նոր հրամանագիր ստորագրել, որով վերջ կդրվի, այսպես կոչված, հողի սկզբունքով քաղաքացիություն ստանալու պրակտիկային, որը թույլ է տալիս ոչ քաղաքացիների ու ապօրինի ներգաղթյալների՝ ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին քաղաքացիություն ստանալ:
Հատկանշական է, որ նորածնին քաղաքացիություն է շնորհվում անկախ այն փաստից՝ նրա ծնողը կամ ծնողները փախստականներ են, ապօրինի ներգաղթյալներ, թե օրինական ճանապարհով են հայտնվել ԱՄՆ-ում: Այս օրենքը խթանել է «ծննդաբերական զբոսաշրջության» ու «շղթայական ներգաղթի» զարգացումը:
Թրամփը նկատել է, որ Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որտեղ քաղաքացիություն չունեցող օտարերկրացին կարող է գալ, երեխա ունենալ ու նրան դարձնել Միացյալ Նահանգների քաղաքացի՝ դրանից բխող բոլոր արտոնություններով:
«Սա ծիծաղելի է, սրա վերջը պետք է տալ»,-ասել է նախագահը:
Սակայն աղբյուրը նկատում է, որ Թրամփի ասածն իրականությանը չի համապատասխանում, քանի որ հողի սկզբունքով քաղաքացիություն տալու հարցում ԱՄՆ-ն միակ երկիրը չէ: Աշխարհում կա այդպիսի մոտ 30 երկիր:
Նշվում է, որ նման հրամանագիր ստորագրելու դեպքում, Թրամփի որոշումը կարող է վիճարկվել բազմաթիվ դատարաններում. իրավական դաշտի բազմաթիվ մասնագետներ կպնդեն, որ նման փոփոխություն անելու համար սահմանադրական լրացում է անհրաժեշտ:
«Ինձ ասում են, որ դրա համար սահմանադրական լրացում է պետք, բայց ես դա կարող եմ անել իմ կարգադրությամբ: Գործընթացն արդեն սկսված է, մենք դա կանենք»,-եզրափակել է նախագահը:










