Դանիայում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ

21:25 • 30.10.18

Կոպենհագենում ԱԳՆ են կանչել Դանիայում Իրանի դեսպանին՝ վճռականորեն դատապարտելու Իրանի հատուկ ծառայությունների անօրինական գործունեությունը երկրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի ԱԳՆ հայտարարությունը:

«Դանիայի Հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավարն այսօր տեղեկացրել է, որ գերատեսչության կարծիքով՝ իրանական հատուկ ծառայությունն սպանություն էր նախապատրաստում Դանիայի տարածքում: Դա բոլորովին անթույլատրելի է», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Իրանցի դեսպանի հետ հանդիպմանը ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է Թեհրանի գործողությունների դատապարտման մասին: Նա նշել է, որ Դանիան քննարկում է հետագա քայլերը՝ կապված միջադեպի հետ:

Տեղի լրատվամիջոցը հայտնում է, որ սպանության նախապատրաստման գործում մեղադրվում է Նորվեգիայի քաղաքացին, որն իրանական ծագում ունի: Նա ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին շվեդական Գյոթեբորգում:

Դանիական հետախուզության տվյալներով՝ մահափորձի օբյեկտ է հանդիսացել իրանական Խուզիստան նահանգում անկախ արաբական պետության ստեղծման կողմնակից շարժման (ASMLA) դանիական մասնաճյուղի ղեկավարը: Իրանական կառավարությունը ASMLA-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:

 

Դանիայում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ