Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)

12:13 • 01.11.18

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են վկայի կարգավիճակով:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Քննչական կոմիտեում քննվող գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ի հայտ եկել նրանց վերաբերյալ, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՔԾ:  Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննել են վկայի կարգավիճակով, չեմ հիշում՝ գործը հետ ուղարկվել է ՔԿ, թե ոչ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ  Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, որը վարույթ է ընդունվել Քննչական կոմիտեում:

Տվյալներ են ձեռք բերվել Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի առնչության վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: