Ներկայումս հայտնի չէ անգամ, թե որ պետությունից է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար

12:35 • 05.11.18

Մենք չունենք նման տեղեկություն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Բելառուսի արտաքին գործերի մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ խոսելով «Կոմերսանտի» հրապարակման մասին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առավել հավանական թեկնածուն Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասն է:

Նշենք, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովի ազատման դիմումից հետո: Հայաստանի ներկայացուցիչը տվյալ պաշտոնում, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, պետք է պաշտոնավարեր 3 տարի, այնինչ, Յուրի Խաչատուրովն աշխատել է 1,5 տարի:

«Մենք էլ ենք կարդացել «Կոմերսանտը»: Նման տեղեկություն մենք չունենք: Դիմեք հոդվածի հեղինակներին»,- ասաց Գլազը:

Ըստ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ քննարկվելու է:

«Ներկայումս, ըստ էության, հայտնի չէ անգամ, թե որ պետությունից է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ուր մնաց՝ պարզ լինի, թե ով է թեկնածուն: Դիմեք հոդվածի հեղինակներին: Կրկնում եմ՝ հայտնի չէ, թե որ պետությունն է լինելու: Հարցը նոյեմբերի 8-ին քննարկվելու է»,- նշեց Անատոլի Գլազը:

Հիշեցնենք, որ Коммерсантъ-ի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրում հայտնում են, որ ամենայն հավանականությամբ հաջորդ երեք տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

 

Ներկայումս հայտնի չէ անգամ, թե որ պետությունից է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար