Միգուցե, «Իմ քայլի» ընտրացուցակում լինեն մի քանի անկուսակցականներ, ԱԱԾ տնօրենն էլ չի լինելու. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
«Իմ Քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու այն մարդիկ, ում մասին շրջանառվում են լուրեր, և դրանք ձեզ անհանգստացնում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Նշվել է, որ ՀՀԿ խմբակցությունից լինելու է 2-3 մարդ, ովքեր ներկայացնում են համայնք և չեն հանդիսանում ՀՀԿ անդամ, և որևէ օդիոզ դեմք, որևէ գործարար, ով տանիք է փնտրելու իր համար, չի լինելու և չկա մեր ցուցակում»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ցուցակը բաղկացած է լինելու հանրությանը հայտնի մարդկանցով, քաղաքական թիմով, նրանցով, ովքեր փողոց են փակել և ոչ միայն հեղափոխության ժամանակ, այլև ընդհանրապես այս տարիներին աչքի են ընկել ակտիվությամբ և հանրությանը հուզող տարբեր հարցեր են բարձրացել: Նա կոչ արեց անհոգ լինել, քանի որ այսօր կա մի իրողություն, որ ընտրությունը քաղաքացունն է:
Tert.am-ի հարցին, թե մտահոգություններ են հնչում ռեյտինգային ընտրակարգի հետ կապված՝ նշելով, որ ՔՊ-ում արդեն իսկ խմորումներ կան, և շատերը միմյանց դեմ են պայքարելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ մտահոգություն չունի:
«Խմորումներ չկան, նախևառաջ՝ ցուցակը բերված չէ վերջնական տեսքի, ուստի խմորում չի կարող լինել: Ինչ վերաբերում է այդ լուրերին, ապա ասեմ, որ մենք մեկ անգամ մասնակցել ենք ռեյտինգային ընտրություններին, երրորդ ուժն ենք դարձել, և նման խմորումներ մի կուսակցության մեջ, որը տարիներ շարունակ միասնական գործում է, կարծում եմ, որ չի էլ լինի»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լինելո՞ւ է ցուցակում, ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ ԱԱԾ տնօրենը չի լինելու ցուցակում: «Մեր ամբողջ քաղաքական թիմը մասնակցելու է ընտրություններին, և դա նորմալ է, քանի որ ՀՀ քաղաքացին պետք է իր գնահատականը տա, և այդ գնահատականը պետք է բաց լինի բոլորի համար: Լինելու է մեր քաղաքական թիմը, միգուցե լինեն մի քանի անկուսակցականներ, բայց որևէ անակնկալ չսպասեք, որ հանկարծ ցուցակը հրապարակենք, և մեկ էլ պարզվի, թե հայտնի էսինչյան էսինչը մեր իններորդ տեղում է, այդպիսի բան չսպասեք»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության անդամը չհամաձայնեց դիտարկմանը, թե խորհրդարանը լինելու է անցումային: «Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»,-ասաց նա և նշեց, որ այս ընտրություններին ևս, ինչպես նախորդին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է:










