Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ՊՆ մեքենան գլորվել է ձորը, մեքենայում եղած 21 զինծառայողներից 4-ը զոհվել են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում (թարմացված)
18։30
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
17:02
ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
16:31
«Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,-հավելյալ տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը:
16:17
Արծրւն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: «Նախնական տեղեկություններով՝ մեկն ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-«Ֆեյսբուք»-ում հայտնել է Ա. Հովհաննիսյանը:
15:58
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ավտովթարից զոհված չորս ժամկետային զինծառայողների անունները.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
«Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք»,-գրել է նա:
15:47
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս հաստատեց, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց մասին կոնկրետ թիվ չհայտնեց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլու ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։










