Ճիշտ կլինի՝ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի հենց ինքը՝ վարչապետը. Կառավարությունը մերժեց Աշոտյանի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության փոփոխությունների մասին նախագիծը, որի հեղինակը ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն է:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ ներկայացրած նախագծով առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին վերապահված՝ իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվի կառավարությանը:
Նա ասաց, որ առաջարկվում է նաև նախատեսել՝ վերոնշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվեն որոշակի տեղեկություններ:
«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ «նպատակահարմար չէ»: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,- ասաց նախարարը:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ զարմացած է Աշոտյանի առաջարկից: «Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանն ապահովելու համար, բայց ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»,- ասաց նա:










