«Եթե ռեստորան բացեմ՝ աշխատողներիս կրթելու համար հենց այստեղ կուղարկեմ». թուրք հայտնի փորձագետ-համտեսողը Ստամբուլում հայկական խոհանոց ներկայացնող մուսալեռցիների մասին

17:55 • 10.11.18

Թուրքական ամենաընթերցվող թերթը համարվող «Հյուրրիյեթ»-ի էջերում թուրք ամենահայտնի փորձագետ-համտեսող Վեդաթ Միլորն այս անգամ անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում գտնվող հայկական ռեստորաններից մեկին՝ համտեսելով այստեղ  արևմտահայ խոհանոցի տարբեր ավանդական ուտեստներ:

Մուսալեռցի հայերի կողմից Բեյօղլու շրջանում հիմնված ռեստորանը գրավել է Միլորի ուշադրությունը հատկապես անհատական մոտեցման, հայկական տոլմայի յուրահատուկ համի ու անձնակազմի աշխատասիրության շնորհիվ:

«Ես այդքան էլ չեմ սիրում մարդաշատ ռեստորանները, որովհետև, շատ կներեք, հիմնականում հաճախորդներին կենդանիների հոտի պես են վերաբերվում: Այսպիսի մի մոտեցում ունեն. «Ես քո կարիքը չունեմ: Ինչպես էլ լինի՝ ռեստորանս լիքն է»: Հենց այստեղ ես տեսա Արետին: Եթե ռեստորան բացեմ՝ աշխատողներիս գաստրոնոմիկ դպրոց ուղարկելու փոխարեն հենց նրա մոտ կուղարկեմ: Որովհետև լավ ռեստորան աշխատեցնողը պետք է պարբերաբար ժամանակ անցկացնի այցելուների հետ, նայի նրանց ոչ որպես կենդանի դրամապանակ, այլ ընկեր: Եվ իսկապես պետք է սիրես քո գործը: Պարոն Արետն ունի այդ բոլոր հատկությունները և իդեալական մասնագետ է այս բնագավառում», - պատմում է Միլորը:

Քննադատը հատկապես հավանել է հայկական ռեստորանի մատուցած ձիթապտղի ձեթով պատրաստվող պղպեղով տոլման և պոլսահայերի ավանդական նախուտեստներից համարվող թոփիքը:

«Տոլման առատ էր պիստակով, համեմված էր դարչինով: Ուղղակի հրաշալի է: Հայտնի հայկական նախուտեստ թոփիքն էլ արժանավայել էր պատրաստված», - նշել է փորձագետը:

Միլորը զարմանքով նկատել է, որ ռեստորանի հայ տերը ամսվա մեջ հանգստանում է երկու օր և տքնաջան աշխատում է ռեստորանում օրվա մեջ 14 ժամ:


  

«Եթե ռեստորան բացեմ՝ աշխատողներիս կրթելու համար հենց այստեղ կուղարկեմ». թուրք հայտնի փորձագետ-համտեսողը Ստամբուլում հայկական խոհանոց ներկայացնող մուսալեռցիների մասին