Դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի ԱԺ-ում, որ այդպիսի հարց առաջանա. Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀԿ-ՔՊ դաշինք կազելու մասին

15:03 • 12.11.18

Ո´չ «Հանրապետական կուսակցությունն» է որոշում, թե ով է լինելու ընդդիմություն, ո´չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է որոշելու, թե ով է լինելու ընդդիմություն, դա կորոշի ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որ միակ իրական ընդդիմությունը ներկայիս իշխանություններին կարող է լինել ՀՀԿ-ն:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը, մենակ մնալով քվեախցիկում, պետք է ՀՀԿ-ին ընտրի, և դրա պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն է նրան բերել իշխանության, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Դա ՀՀԿ-ի մանիպուլյացիաներից մեկն է, որ իրենց օգտին քվեարկելու համար, կարծում են, որ պետք է շահարկեն Նիկոլ Փաշինյանի անունը, որ նման ձևով քվե ստանան ժողովրդից, արդեն սկսել են քարոզարշավ իրականացնել, որ մոլորության մեջ գցեն որոշ մարդկանց»:

Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ երբ ՀՀԿ-ականները գտնվեն քվեախցում, իրենք իրենց չեն ընտրի, կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: 

«Այս վեց ամիսներին լրիվ այլ իրավիճակ է եղել, և նոր ձևավորվող խորհրդարանում նոր իրավիճակ կլինի: Այնպես որ, թող չասեն, որ միակ ընդդիմությունն իրենք կարող են լինել»,-ասաց նա և նշեց, որ այլ ընդդիմադիր ուժեր ևս տեսնում է` թե´ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, թե´ «Ելք»  դաշինքը կարող է լինել ընդդիմություն:

Ինչ վերաբերում է «Մենք» դաշինքից Արամ Սարգսյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ն և ՔՊ-ն կարող են դաշինք կազմել, պատգամավորն ասաց՝ դեռ ՀՀԿ-ն պետք է հայտնվի խորհրդարանում, որ մի հատ էլ այդպիսի հարց առաջանա, իսկ կոալիցիա կազմելը բացառեց` ասելով, որ դա պարզապես ծիծաղելի է: Նա կասկած հայտնեց, որ ՀՀԿ-ն կարող է հայտնվել խորհրդարանում: «Եթե ռեմբրենդինգ անեին, եթե ՀՀԿ հապավումը իրենցից պոկեին, որ դաջված չլիներ իրենց վրա, միգուցե այնտեղ կային պատգամավորներ, ովքեր արժեր, որ լինեին խորհրդարանում և գուցե հայտնվեին խորհրդարանում, բայց ՀՀԿ անվան տակ բացառում եմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իրենց ուղղված քննադատություններին, ապա նա ասաց, որ իրենք դաշտն են մաքրում: «Մենք դեռ իրենց 20 տարվա աղբը փորձում ենք հասկանալ»,-ասաց նա:

Tert.am-ի դիտարկմանը, թե որքան էլ ՔՊ-ն հերքում է, միևնույն է, ռեյտինգային համակարգում Արագածոտնի, Լոռու մարզերում թեկնածուների հետ կապված խնդիր կա, նույնիսկ ՔՊ գրասենյակի դիմաց ակցիա են արել, Հրաչյա Հակոբյանը կոչ արեց սպասել ցուցակների հրապարակմանը և նշեց, որ ակցիայի հետ կապված տեղեկություններ չունի: «Այս յոթ ամիսների ընթացքում այնքան մարդ փորձեց անդամագրվել, որ մեզ համար պարզապես դժվար էր վերահսկողությունը հարյուր տոկոսով ապահովելը, որ բացառենք որոշ մարդկանց կուսակցական լինելու փաստը»,-ասաց նա: