Քաղաքապետարանը Նոր Նորքում շինությունն ապամոնտաժել է առանց որևէ որոշում սեփականատիրոջը ցույց տալու. սեփականատիրոջ ընկեր

12:41 • 12.11.18

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ այսօր Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված 1100քմ տարածք զբաղեցնող կառույցի սեփականատիրոջ ընկերը՝ Արմեն Ահարոնյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը շենքն ապամոնտաժել է առանց որևէ որոշում, փաստաթուղթ ու հիմնավորում սեփականատիրոջը ներկայացնելու: 

«Թաղապետ Հայկ Մհրյանը կանգնած էր, ոստիկանները շրջափակել էին շենքը, մարդիկ եկան քանդեցին ու գնացին: Մենք խնդրեցինք ցույց տալ քանդելու որոշումը, ոչինչ ցույց չտվեցին, քանդելու որոշում չկա, եկել են, քանդում են: Մեր իրավաբանը եկել, թաղապետին ասում է՝ ինչի՞ հիման վրա եք քանդում, թաղապետը փախչում է, ասում է՝ ես տեղյակ չեմ»,-ասաց Արմեն Ահարոնյանը:

Հարցին, թե շինությունն ապօրինի չէ՞ և արդյոք չե՞ն նախազգուշացվել, Արմեն Ահարոնյանն ասաց. «Հողատարածքը մերն է, որի վրա շինություն է կառուցվել, հիմա իրենք ասում են, թե մենք իբր նորմ ենք խախտել և մայթեզրի սահմանագծին ենք մոտեցել, բայց մենք կարգը պահպանել ենք»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հայտնել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝  Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույց:  Քաղաքապետարանի պաշտոնական կայքն ուղիղ եթերում ցուցադրեց ապամոնտաժման գործընթացը: