Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 66-ի, անհետ կորածները 600-ից ավելի են (տեսանյութեր)
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում տարածված անտառային հրդեհները, որոնք նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ծախսատարն են, 66 մարդու կյանք են խլել, մինչդեռ անհետ կորածների թիվը հասել է 631-ի, հայտնում է abcnews.go.com-ը:
Ինչպես գրում է The Guardian-ը, մարդկանց մոխրացած մնացորդները հայտնաբերվել են Փերըդայս, Մագալիա և Քանքոու համայնքներում:
Աղբյուրը նկատում է, որ նոյեմբերի 15-ի դրությամբ անհետ կորածները 297-ն էին, սակայն ընդամենը 24 ժամում նրանց թիվը գերազանցել է 600-ը:
Ընդհանուր առմամբ, կրակը «կուլ է տվել» 11.862 շինություն, որից 9.700-ը տուն, 118-ը՝ բազմաբնակարան շենք, 290-ը՝ բիզնես գրասենյակ:
Հաղորդվում է, որ հրդեհի ընդհանուր մակերեսը 219 քառակուսի մղոն է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 40%-ը: Սակայն օդերևութաբանները կանխատեսում են, որ հանգստյան օրերին քամին կուժեղանա, ինչն էլ կնպաստի կրակի տարածմանը:










